ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը չի համատում պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ միջին աշխատավարձը 7,6 տոկսով աճել է։
Armenia Today-ի հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ 2021 թվականին 21-22 տոկոսով էլ աճել է նվազագույն սպառողական զամբյուղը։ Նրա դիտարկմամբ՝ աշխատավարձի աճի դեպքում էլ գնաճի ցուցանիշն անհամեմատ բարձր է։
«Չի աճել և չի աճելու նվազագույն աշխատավարձը, հիմնական կենսաթոշակների չափը, ինչպես նաև անապահով խավին տրամադրվող սոցիալական նպաստը։ Այն գործոնները, որոնք նախորդ տարի կան, դեռ պահպանվում են, ուստի, ոչինչ ակնկալել պետք չէ։ Նախորդ տարվա գնաճային ցուցանիշը մենք ունենալու ենք նաև այս տարի։ Այս պարագայում չի կատարվի նաև օրենքի այն պահանջը, որ գնաճը պետք է լինի թիրախային՝ 4, 1 տոկոս։ Սակայն, ամեն ինչ կանեն, որպեսզի մաքրեն իրենց մեղքի բաժինը․ կփնտրեն մեղավորներ, կներկայացնեն հիմնավորումներ, արտաքին շուկային կմեղադրեն, մեկ-երկու պետություն օրինակ կբերեն, որ այնտեղ ևս գնաճի բարձր մակարդակ է»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ գնաճ մակարդակի վրա էականորեն կազդեն նաև էլեկտրաէներգիայի թանկացումները։ Թադևոս Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ էներգակիրների գնաճը լրացուցչ ծախսեր է առաջացնելու տնտեսվարողների համար։
«Տուժելու է նաև արտահանող ճյուղը, մի կողմից ներդրումներ չկան, տեխնոլոգիաները հին են, իսկ մյուս կողմից էլ սակագներն են բարձրանում, այս դեպքում մրցունակությունը նվազում է։ Արտադրողները, արտահանողները տուժելու են»,- շեշտեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։