Հունիսին ԿԲ խորհուրդը կվերլուծի երկրի մակրոտնտեսական իրավիճակը և հանդես կգա տնտեսական աճի և գնաճի նոր կանխատեսումներով։ Այս մասին ԱԺ-ում Բյուջե 2021-ի քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ նշելով, որ վերջին կանխատեսումներն արել էին մարտին։
Ըստ ԿԲ վերջին կանխատեսումների՝ տարեվերջին գնաճը կլինի 6-6,5% միջակայքում։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց Երիցյանը, կան ցնցումներ՝ կապված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոնների հետ, ինչը հանգեցրեց տրանսպորտային ծախսերի զգալի աճին։
«Ցնցումների ազդեցություններն այս պահին գնահատում ենք, բայց այսօր արդեն ակնհայտ է, որ գնաճի տեմպերը կրկին սկսել են աճել, և ԿԲ-ն կանխատեսում է, որ երեք ամսից դրանք կնվազեն»,- ասաց Երիցյանը։
Նա հավելեց, որ ԿԲ-ն իր մեխանիզմներով հնարավորություն ունի արագ վերադառնալու թիրախին՝ 4 տոկոսին, սակայն դա շատ ծախսատար է լինելու երկրի տնտեսության վրա։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում սպառողական գները հանրապետությունում աճել են 7,4%-ով։