Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկան և դրա հարակից տարածքը կվերածվեն ժամանակակից և բազմաֆունկցիոնալ տարածքի, որը կծառայի որպես փոքր բիզնեսի և համայնքի բնակիչների գործունեության հարթակ։ Այս մասին հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը։
Ծրագիրն ուղղված է նաև ստեղծարար արդյունաբերության զարգացմանը համայնքային և մարզային ազգաբնակչության ակտիվ ներգրավմամբ և մասնակցությամբ։
«Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ս.թ. հունիսի 7-ին, Դիլիջանի համայնքապետարանում: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, Տավուշի մարզպետի տեղակալ պարոն Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիդ Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ գործընկեր կազմակերպություններից:
Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող (1 մլն Եվրո) ծրագիրն իրականացվում է Դիլիջան համայնքի կողմից՝ IDeA բարեգործական հիմնադրամի (համաֆինանսավորող), Տուրիզմի և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ գործընկերությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ՝ «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում:
Վերակառուցման ենթակա է ավելի քան 5500 մ² տարածք (3500 մ² և կանաչ գոտի), որը հավակնում է դառնալ բազմաֆունկցիոնալ, ստեղծարար արդյունաբերության տարածք, որտեղ կլինեն արհեստագործական արտադրամասեր, հանգստի և կրթական տարածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական լուծումներով:
Կարի ֆաբրիկայի հարակից տարածքները կդառնան կանաչ և հանգստի գոտիներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնադրել բիզնեսի աջկացման և ստեղծարար արդյունաբերության կենտրոններ, սպասարկման ոլորտի աջակցման ասոցիացիա, ինչպես նաև նպաստել համայնքում գործող զբաղվածության կենտրոնի ընդլյանմանը:
Նախագծի նպատակն է աջակցել համայնքների ղեկավարներին և համայնքապետարաններին՝ դառնալու կայուն տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ակտիվ օժանդակողներ՝ կայուն տնտեսական զարգացման նպատակով բարելավելով բիզնես միջավայրը, խթանելով ձեռներեցությունը և ներգրավելով ներդրումներ: