Armenian Card (ArCa) վճարումների համակարգով գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը 21։25-ից կարգավորված է։ Այս մասին հայտնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից:
«Հայցում ենք ձեր ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Armenia Today-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Armenian Card (ArCa) վճարումների համակարգի աշխատանքում խոշոր խափանում է տեղի ունեցել: Քաղաքացիներն ահազանգել էին, որ բանկոմատներից չի ստացվում գումար կանխիկացնել, իսկ բջջային հավելվածները պարզապես չեն գործում:
Ավելի ուշ ընկերությունը տեղեկացրել էր, որ առկա են տեխնիկական խնդիրներ գործարքների հետ կապված և մասնագետներն աշխատում են համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ:
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ ԿԲ և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին՝ ՀՀ բանկային ոլորտում ժամանակակից վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով: Ընկերությունը հանդիսանում է ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր և հանդես գալով որպես միասնական պրոցեսինգային կենտրոն մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս մասնակից առևտրային բանկերին թողարկել և/կամ սպասարկել ArCa ազգային վճարային համակարգի և միջազգային վճարային MasterCard, Visa, American Express, DCI (Diners Club International), МИР և JCB (Japan Credit Bureau) համակարգերի քարտեր: