ԵԱՏՄ-ում փոխադարձ և արտաքին առևտրին աջակցելու համար կստեղծվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն։ Որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը օգոստոսի 18-ին կայացած նիստում։
Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության փոխադարձ և արտաքին առևտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի և ներդրումների իրագործման նպատակով՝ լրացնելով ընկերության անդամ պետությունների արտահանման-վարկային գործակալությունների գործառույթները վերազգային մակարդակում։
Այն նաև կիրականացնի միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործողություններ, այդ թվում՝ արտահանման վարկավորման գործակալությունների, միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների և միությունների ներգրավմամբ։
Ընկերությունը անդամ պետություններում ռիսկերի վերաապահովագրության դեպքում կաջակցի ռիսկերի գնահատման և նվազեցման գործընթացին, ինչպես նաև կզբաղվի պահանջների կարգավորման խնդիրներով։
Այն կիրականացնի սեփական արժեթղթերի թողարկում, տեղաբաշխում, շրջանառություն, մարում, մարքեթինգային հետազոտություն կրթական գործունեություն վերաապահովագրության ոլորտում, ներդրումներ կկատարի ապահովագրական պահուստներում, սեփական միջոցներում, ինչպես նաև ժամանակավորապես ազատ այլ ֆոնդերում: