Խաղողի մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունը համագործակցում է խաղող մթերողների և աճեցնողների հետ։ Արդյունքում՝ այս տարի ունենք անհամեմատ դրական վիճակ: Վահան Քերոբյանը հավաստիացրեց՝ ամեն ինչ արվում է, որ երկու կողմերն էլ մթերման սեզոնն սկսեն արդեն ամբողջությամբ կնքված պայմանագրերով:
«Մթերման գործընթացից առաջ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Ավելի փոքր քանակի աճեցնողներ կան, որոնք դեռ պայմանագրեր չունեն, այժմ աշխատում ենք, որպեսզի մինչև մթերման սեզոնի մեկնարկը նրանց նույնպես ապահովենք մթերման պայմանգրերով»,-նշեց նա:
Էկոնոմիկայի նախարարը հավելեց, որ վերջին տարիներին ավելացել է գինեմետ սորտի խաղողի բերքը: