Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստին ընդունված որոշմամբ կանոնակարգում է տվյալ բնագավառում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:
Նախագծով սահմանվում են ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ են դարձնում ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը։
Ըստ ՏԿԵՆ նախարար Գնել Սաոսյանի՝ նախագծի վրա շատ երկար են աշխատել ու սահմանել մի շարք նորմեր։
Օրինակ, ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կառուցապատումն իրականացվելու է ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա։
Շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50 000 քառ. մետր՝ ներառյալ շենք-շինությունները:
Շուկաները պետք է ապահովված լինեն իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով, որի մակերեսը չպետք է պակաս լինի, քան ավտոտրանսպորտային միջոցների շուկայի ընդհանուր մակերեսի 10 տոկոսը։
Տարածքը պետք է ունենա տրանսպորտային միջոցների կայանումն ու անվտանգ տեղաշարժը կարգավորող գետնանշումներ, հաստատված նախագծային փաստաթղթերի պահանջներին համապատասխան, պետք է համալրված լինի ինժեներական հաղորդակցության ջրամատակարարման, ջրահեռացման (մակերևութային ջրերի հեռացման), ինչպես նաև էլեկտրամատակարարման համակարգերով, շարժական կամ անշարժ սանհանգույցներով, հակահրդեհային ազդանշանման համակարգերով։
Շուկայի ծառայություններից օգտվողների համար նախատեսված տեղեկատվական-գովազդային ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:
Կազմակերպիչն ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքը տեղում կազմակերպելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցների շուկայի տարածքում ապահովում է փաստաթղթերի ձևակերպման և վճարումների, այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում անկանխիկ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ։
Տարածքում կարող են տեղակայված լինել ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքեր։