Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքի կառուցման նախագծի իրականացումը գրեթե դադարեցվել է։ Այս մասին Armernia Today-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը, որը կոչված է միավորել չորս պետությունների էներգետիկ համակարգերը, պետք է շահագործման հանձնվեր դեռ մի քանի տարի առաջ, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել: Հարցն, ըստ փորձագետի, գտնվում է ՀՀ կառավարության մշտական վերահսկողության ներքո, և պետք է կողմնորոշվել՝ իրականացնել այդ նախագիծը, թե՝ ոչ։
Նա հիշեցրել է, որ հայրենական էներգետիկայի զարգացման ռազմավարության համար կառավարությունը մշակել է մի շարք նորմատիվ փաստաթղթեր, որոնցում ներկայացված են նախագծի հետագա իրականացման միջոցառումները:
«Այսօր երկրում ամենաքննարկվող հարցերից մեկը կապված է այն բանի հետ, թե արդյոք Հայաստանին անհրաժեշտ է նոր ատոմային էներգաբլոկ, թե՝ ոչ։ Իմ խորին համոզմամբ՝ դա անհրաժեշտ է, այլ բան է, երբ խոսքը վերաբերում է նոր բլոկի հզորությանը», – ասաց մասնագետը։
Սարգսյանը նշել է, որ ի սկզբանե, երբ մշակվում էր հազար ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի նախագիծը, նկատի էր առնվում, որ նոր էներգաբլոկից արտադրված էլեկտրաէներգիայի զգալի մասը պետք է արտահանվեր Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծով։
Փորձագետի խոսքով՝ ատոմակայաններ ունեցող գրեթե բոլոր պետությունները 2005-2015 թվականներին նոր ատոմային էներգաբլոկների կառուցման նախագծերի մշակման ժամանակ նկատի են ունեցել հազար մեգավատ հզորությամբ բլոկները, և Հայաստանն այս դեպքում բացառություն չէ:
«Կառավարությունը, գիտակցելով, որ Հայաստանը պետք է պահպանի ատոմային էլեկտրակայան ունեցող երկրի կարգավիճակը, նաև դիտարկել է երկրի էներգահամակարգում նման հզորության բլոկի ներդրման հնարավորությունները, և այդ պատճառով չորս երկրների էներգետիկայի նախարարները ստորագրել են համապատասխան պայմանագիր իրենց էներգահամակարգերը կապող էլեկտրահաղորդման գծերի կառուցման մասին, ինչը խնդիրներ չէր առաջացնի նոր ԱԷԿ – ի բլոկից զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա արտահանելիս», – ընդգծել է Սարգսյանը:
Նա պարզաբանեց, որ այսօր Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի հզորությունը կազմում է 400 ՄՎտ, և նոր բլոկի կառուցմամբ պետք է լուծվեր 600 ՄՎտ էլեկտրաէներգիա արտահանելու հարցը: Մինչ այդ, փորձագետի խոսքով, կառավարությունում ծրագրել էին, որ նոր էլեկտրահաղորդման գիծը կծառայի ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին և Ռուսաստանին, որոնք կարող էին «էլեկտրաէներգիայի փոխադարձ փոխհոսքեր» իրականացնել, նշել է նա:
«2000-ականներին Հայաստանի կառավարությունը նույնիսկ մտքեր ուներ էլեկտրաէներգիայի մի մասը Թուրքիա արտահանելու հնարավորության մասին, ինչն էլ դրդեց կառավարությանը ավելի մեծ հզորությամբ միջուկային էներգաբլոկի կառուցման գաղափարին։ Այս բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները՝ կապված պատմության հետ», – ասաց կենտրոնի տնօրենը։
Փորձագետը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ նախագծի կապալառուն՝ իրանական Sunir ընկերությունը, խնդիրներ է ունեցել Իրանի բանկային համակարգի հետ, ինչն էլ խոչընդոտ է դարձել նախագծի իրականացման ճանապարհին: Այդ խնդիրները, նրա խոսքով, ուղղակիորեն կապված են Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցների հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 1-ին Թեհրանում Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ քննարկել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության շուտափույթ ավարտի հարցը:
Իրան-Հայաստան 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 107,9 մլն դոլար, որից 77 տոկոսը կտրամադրի Իրանի Արտահանման զարգացման բանկը, իսկ 23 տոկոսը՝ Sunir ընկերությունը, որը հանդիսանում է հիմնական կապալառուն: Մինչև 2025 թվականի ավարտը նախատեսվում է ավարտել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։