Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրումներ իրականացնողները կտուգանվեն 200 000 դրամով: Հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվող նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր ավելի տոննայի համար բեռնվածքը գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոց սահմանել 200 000 դրամի չափով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով ներկայացվեց իրավախախտումների հետ կապված վիճակագրությունը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի` առկա է մինչև 30-35 տոննա թույլատրելի ընդհանուր շեմի գերազանցում, ինչն անթույլատրելի է: Արմեն Դանիելյանն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունը կունենա զսպող ազդեցություն:
Առաջինից երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել են տեխնիկական, խմբագրական բնույթի առաջարկներ: Լրամշակված նախագիծը ստացավ դրական եզրակացություն: