Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) նիստին, որը տեղի կունենա փետրվարի 22-24-ը Ստամբուլում, կներկայացնի ՔՊ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Համապատասխան հրամանն ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
2023 թվականին կազմակերպության ժողովին Հայաստանը ներկայացրել է ԱԺ նախագահ Սիմոնյանը։
Սևծովյան տնտեսական համագործակցության հանձնաժողովը հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում՝ 11 երկրների՝ Հայաստանի, Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի նախագահների ու վարչապետների կողմից գագաթնաժողովի հռչակագրով: Սերբիան կազմակերպությանը միացել է 2004 թվականին: 1999 թվականի մայիսի 1-ին՝ իր կանոնադրության ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ, ՍԾՏՀ-ն ձեռք է բերել միջազգային իրավաբանական կարգավիճակ և ձևափոխվեց տարածաշրջանային միջազգային կազմակերպության:
Հայաստանը կազմակերպությունում կհամակարգի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների աշխատանքային խումբը 2024-2025 թվականներին, իսկ 2025-2026 թվականներին՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցության աշխատանքային խումբը։