Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը, հայտնում են ընկերությունից։
Մխիթարյանը պատասխանատու կլինի ընկերության կառավարման և երկրում ծառայությունների, էկոհամակարգի զարգացման, ինչպես նաև Yandex-ի տեխնոլոգիաների և միջազգային փորձի հիման վրա Հայաստանում գործող ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծման համար։
Մխիթարյանը Helix ընկերության հիմնադիրն ու նախկին ղեկավարն է և IUNetworks-ի նախկին տնօրենը։
«Ուրախ եմ, որ իմ փորձը կօգնի զարգացնել միջազգային Yandex բիզնեսը Հայաստանում՝ հաշվի առնելով մեր քաղաքների կառուցվածքի առանձնահատկությունները, մեր մշակույթն ու ավանդույթները, մեր քաղաքացիների սովորությունները։ Պատասխանատու կլինեմ ծառայությունների զարգացման համար, որոնք արդեն գործում են երկրում։ Պատասխանատու կլինեմ նաև ընկերության տեխնոլոգիաների և պրոդուկտների միջոցով Հայաստանի բնակիչների և երկրում աշխատող ընկերությունների համար նոր հնարավորություններ ստեղծելու հարցում»,- ասել է Մխիթարյանը:
2022 թվականի հուլիսի 1-ին Ռուսաստանում ամենաարագ զարգացող կորպորացիաներից մեկը՝ Yandex-ը, նոր գրասենյակ էր բացել Հայաստանում, որի նպատակն է համակարգել ընկերության գործունեությունն ԱՊՀ երկրներում։ Yandex Armenia-ն ներկայացնում է օնլայն տաքսի պատվիրելու, առաքման և սննդի ծառայություններ, գեոսերվիսներ, ժամանցային ծառայություններ, ինչպես նաև կրթական նախագծեր: Ընկերությունն զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ և ներդրմամբ, որոնք ուղղված են օգտատերերի կյանքի բարելավմանը և երկրում թվային միջավայրի զարգացմանը: