Ուսումնական հաստատությունների տնօրենի աշխատանքը այսուհետ կկիսվի երկու աշխատողի միջև։ Որոշումը մարտի 2-ի նիստում ընդունեց կառավարությունը։
Ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում աշխատանքները օրենքով սահմանված կարգով կիրականացվեն համագործակցային մեխանիզմով: Երկու աշխատողներն էլ կնշանակվեն մրցութային կարգով, որպեսզի հնարավոր կլինի խուսափել մի շարք ռիսկերից, այդ թվում՝ համակարգին և պաշտոնային պարտականություններին ոչ իրազեկ մարդկանց ներգրավվման առումով:
Ուսումնական հաստատություններում կառավարումը ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմնի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև տարանջատելու արդյունքում ակնկալվում է արհեստավարժ և արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ, ասված է նախագծում
Մինչ այս ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական և վարչատնտեսական ուղղությունները ղեկավարում էր դպրոցի տնօրենը։ Դպրոցը ուներ տնօրենի տնտեսական աշխատանքերի գծով տեղակալի և հաշվապահի հաստիքներ, որոնք կատարում էին իրենց աշխատանքը տնօրենի վերահսկողությամբ, և բոլոր գործընթացներին մասնակցում է տնօրենը։
Ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից մեծ ժամանակ էին խլում և տնօրենը հնարավորություն չէր ունենում լիարժեք կազմակերպել, գնահատել և վերահսկել ուսումնական գործընթացը դպրոցում։ Այս դեպքում աշխատանքը իրականացնում էր տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը, ում պարտականությունները շատ դեպքերում համընկնում է տնօրենի պարտականությունների հետ։
Արդյունքում տնօրենը ավելի շատ աշխատանք էր տանում վարչատնտեսական բաղադրիչում, և ուսումնական մասը, որն ավելի ծավալուն է, իրականացնում էր մնացած ժամանակահատվածում։ Մյուս կողմից տնօրենը կրկնում էր նշված աշխատակիցների աշխատանքը։