Հայաստանում չկան քաղաքականացված, կուսակցականացված բուհեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Որևէ բուհի առջև չկա դրված քաղաքական, կուսակցական խնդիր ու չի կարող դրված լինել, և ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե նկատի ունեք, որ բուհի խորհրդում լինի անձ, ով զբաղեցնում է քաղաքական պաշտոն, ապա այստեղ չպետք է ընկնել ծայրահեղության մեջ։ Ես նախարարի տեղակալ էի և դարձա Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բայց ես քաղաքական պաշտոն զբաղեցնելով՝ համակարգում էի հանրակրթության ոլորտը»,- պարզաբանել է Անդրեասյանը։
Պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարման խորհուրդներում չպետք է կուսակցական անձինք լինեն, ԿԳՄՍ նախարարը պատասխանել է, որ վարչապետի կողմից մատնանշած խնդիրն այս մոտեցումների շրջանակների շրջանակներում ամբողջությամբ հասցեագրվում է։
«Ինչ վերաբերում է վարչության անդամների խորհուրդներին լինելուն, կարող եք հանել մեր բուհերի խորհուրդները և տեսնել, թե դրանցից քանիսում են վարչության անդամներ»,- եզրափակել է Անդրեասյանը։
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Ժաննա Անդրեասյանը 2021 թվականից Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Մանրամասները՝ տեսանյութում։