Պատրաստ է «Ակադեմիական քաղաքի» մաստեր-պլանը, որը նախատեսում են կառուցել Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում՝ Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի և Աշտարակ համայնքների միջին հատվածում, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանից ու արտերկրից շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի ու մարզական կյանքի հանրապետական կենտրոն»,- մանրամասնել է Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում տարբեր առիթներով կներկայացնեն «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասները և ձևաչափը։
Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին։ Նա նշել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։