ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել և ցույց է տվել, թե որտեղ է գտնվելու Ակադեմիական քաղաքը։ Նա նշել է, որ այս վայրում կառուցվում է Հայաստանի ապագան։
Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքը կառուցվելու է Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի և Աշտարակ համայնքի միջին հատվածի միջև։ Փաշինյանը նաև նշել է, որ Ակադեմիական քաղաքի երեք հատվածները կմիացնի տրամվայը։ «Կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր մշակութային շերտ կա, որը նախկինում Երևանում էր, իսկ հիմա չունենք»,- ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով, եթե մասնագետները հաստատեն, ապա այս տարածքում կլինի նաև ֆուտբոլի ազգային մարզադաշտ։ Բացի ակադեմիական շենքերից, այստեղ կկառուցվի նաև ժամանակակից համերգասրահ, ընդգծել է վարչապետը։ «Այո, սա մեր պատասխանն է բոլոր մարտահրավերներին, որ ունենք, քանի որ կարծում եմ, որ Հայաստանի ապագան կրթության, գիտության, արվեստի մեջ է»,- ասել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ ուժեղ անվտանգության համակարգ նշանակում է կրթություն, գիտություն և մշակույթ։ «Ես ապրում եմ այս ծրագրով։ Այստեղ պետք է կառուցվի Հայաստանի ապագան։ Ապագա կա»,- ընդգծել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետը հայտարարել էր կրթության ոլորտում, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Բարեփոխման շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է Հայաստանում ստեղծել 8 կոնսոլիդացված գիտահետազոտական համալսարան՝ պետական ամբողջական ֆինանսավորմամբ։ Աշտարակում իշխանությունները պատրաստվում են Ակադեմիական քաղաք կառուցել, որտեղ հետագայում կտեղափոխվեն բոլոր խոշորացված բուհերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպտը: