80-ամյա Նիկոլաս Պուեխը 11 միլիարդ դոլար արժողությամբ Hermès-ի բաժնետոմսերի սեփականատերն է և համարվում է ամենահարուստ շվեյցարացիներից մեկը։ Նա մտադիր է իր կարողությունը կտակել Մարոկկոյի համեստ ընտանիքի այգեպանին, գրում է Pravilmag-ը։
Նշվում է, որ Պուեխին է պատկանում նորաձևության տան բաժնետոմսերի մոտավորապես 5-6%-ը, որոնք գնահատվում են 11,4 մլրդ դոլար, և նա չունի ո՛չ կին, ո՛չ երեխա։ 2011 թվականին նա իրավահաջորդության պայմանագիր է ստորագրել Ժնևում գործող Isocrates հիմնադրամի հետ, որը պայքարում է ապատեղեկատվության դեմ։ Այժմ միլիարդատերը մտափոխվել է, և որոշել է իր կարողությունը փոխանցել «մարոկկացի համեստ ընտանիքի» այգեպանին և վարպետին, որն ամուսնացած է և ունի երկու երեխա։
Սակայն գործարարը չի կարող պարզապես միակողմանի խզել պայմանագիրը Isocrates-ի հետ։ Հետևաբար, նա դիմել է իրավաբաններին, որոնք, որպես լուծում, որոշել են գրանցել այգեպանին որպես Պուեխի որդեգրած երեխա:
Շվեյցարիայում չափահաս մարդ որդեգրելը չափազանց դժվար է իրավական տեսանկյունից, բայց տեսականորեն դա հնարավոր է։ Եթե Պուեխին հաջողվի որդեգրել այգեպանին, ապա վերջինս կարող է ստանալ միլիարդատիրոջ ունեցվածքի առնվազն կեսը։
Պուեխն արդեն պոտենցիալ ժառանգորդին տվել է Մարոկկոյում գտնվող իր տան և Շվեյցարիայում գտնվող վիլլայի բանալիները։ Այդ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 5,9 միլիոն դոլար: