Ամանորին ընդառաջ Armenia Today-ը պարբերաբար ներկայացնում է հայաստանյան հանգստյան գոտիներում անցկացվելիք միջոցառումները, ամանորյա հանգստի արժեքները։
Կապ հաստատելով մի շարք հյուրանոցային համալիրների հետ՝ պարզեցինք, թե ի՞նչ տոնական միջոցառումներ են նախատեսվում հանգստյան օրերին և ի՞նչ ձևաչափով են դրանք անցկացվելու։
Պարզվեց, որ տոնական օրերին հանգստյան տներում ազատ տեղեր գրեթե չեն մնացել, բոլորն ամրագրված են։
Դեկտեմբերի 24-ի դրությամբ 2 մեծահասակ անձի համար Դիլիջանի «Թեժ լեռ» և Աղվերանի «Արարատ» համալիրներում դեկտեմբրի 31-ից մինչև հունվարի 3-ը ամրագրված են բոլոր համարները։ Հյուրանոցներն առաջարկում են հունվարի 3-6-ն ընկած օրերին հանգստանալ իրենց մոտ։ Առաջինի դեպքում դա կարժենա 170-260 հազար դրամ, իսկ երկրորդի դեպքում՝ 340 հազար դրամ։
Ջերմուկի «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում երկու անձը դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը կարող է հանգստանալ 1 միլիոն 60 հազարից մինչև 1 միլիոն 170 հազար դրամով։ Այստեղ նախատեսվում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ շոու-ծրագրեր տոնական բոլոր օրերին, շքեղ գալա համերգ ու անակնկալներ։ Ազատ տեղեր դեռ շատ կան։
Ջերմուկի «Օլիմպիա» հյուրանոցում էլ 2 անձի ամանորյա հանգիստը կարելի է վայելել այսպես․ 5-օրյա հանգիստը 550 հազար դրամ է, իսկ 7-օրյան՝ 700 հազար։
Իսկ ավելի թանկարժեք ու բարձրակարգ մի շարք հյուրանոցային համալիրներում տեղեր չկան առհասարակ։ Օրինակ «Մուլտի ռեստ հաուս»-ում մնացել է 1 համար երկու հոգու համար՝ 1 գիշերով։ Այն արժե 150 հազար դրամ։
Նշենք, որ մեր հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հյուրանոցային համալիրներում հանգստի արժեքն էապես բարձրացել է։ Թանկարժեք համալիրներում անցած տարվա տվյալների հետ համեմատած մինչև 500 հազար դրամի ավելացում կա։ Եթե հաշվի առնենք, որ անցած տարին, որպես պատերազմից հետո առաջին Նոր տարին, պակաս շքեղ էր, հագեցած չէր տոնական միջոցառումներով, միայն դասական երաժշտություն էր հնչում, և անակնկալներ էլ չէին նախատեսվում, մի կողմից էլ համատարած գնաճը՝ նոր գները, գուցե և, արդարացված են։
Արաքսյա Սնխչյան