Հուլիսի 13-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ կողմ է զենքի ազատ վաճառքին և նրա հնարավորությունների ավելի մեծացմանը, քանի որ կյանքը ցույց է տվել, որ զենքի ազատ վաճառքը շատ ավելի դեմոկրատիկ հնարավորություններ է տալիս հասարակությանը։
«Դրա հիմնավորումը ես մտածել եմ այսպես. օրինակ, ամբողջ հասարակությունն իրենից ներկայացնում է ժողովրդին, իշխանությունը և հանցագործ աշխարհը։ Իշխանություններն, ուզեն թե չուզեն, զինված են, հանցագործ աշխարհը զինված է, ժողովուրդը՝ ոչ, դրա համար էլ ամեն ինչ թափվում է ժողովրդի գլխին: Մենք պետք է կարողանանք այս հավասարակշռությունը վերականգնել։ Երկրորդ, երբ մենք թույլ չենք տալիս, որ մարդը զինվի, նրան զրկում ենք ինքնապաշտպանության իրավունքից։ Մարդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու և պետությունը չէ, որ միշտ կանգնած է մարդու կողքին, երբ որ մարդը մենակ գնում է, և ենթադրենք ինչ-որ սոված շներ կարող են հարձակվել և նրան ուտել, և նա զրկած է ինքնապաշտպանությունից»,- ասել է նա:
Պատգամավորի համոզմամբ՝ եթե ժողովուրդը զինված է, իշխանությունները շատ ավելի լուրջ են վերաբերվում այն ժողովրդին, որը նրան իշխանություն է տվել:
Armenia Today-ը որոշեց հասկանալ՝ որքանո՞վ է հայ հասարակությունը կիսում պատգամավորի կարծիքը և ինչի՞ կհանգեցնի, ըստ նրանց, զենքի ազատ վաճառքը։
Մանրամասները՝ տեսանյութում։