Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կնքման հեռանկարները։ Նրա խոսքով՝ կարևոր չէ, թե որ հարթակում կմշակվի խաղաղության պայմանագիրը, եթե դրան հավանություն չտան տարածաշրջանի պետությունները։
Նա նշել է Ադրբեջանի կողմից պայմանագրի ստորագրման ձգձգման հնարավոր պատճառները և միջնորդների դերն այդ գործընթացում:
Միջազգայնագետը վստահ է՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պայմաններից մեկն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համաձայնությունն է։
Փորձագետը գնահատել է Հայաստանի հարաբերությունների հեռանկարները տարածաշրջանի երկրներում: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է զարգացնել ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցությունն Իրանի հետ, օրինակ՝ զենքի համատեղ արտադրություն սկսել Հայաստանում։
Բալասանյանի կարծիքով՝ եթե Հայաստանը որոշեր մասնակցել Բաքվում կայացած COP29-ին, կլիներ ծաղրածուի դերում։
Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս պետք չէր հապճեպ քայլեր անել և Անկարային ցույց տալ Հայաստանի՝ ցանկացած պարագայում պայմանագիր կնքելու պատրաստակամությունը։ Նա ընդգծել է, որ Երևանը պետք է ամեն ինչ աներ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատելու։
Փորձագետը չի բացառել, որ 2025 թվականի հունվարին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը կարող է ազդեցություն ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, տարածաշրջանում իրադրության մեջ կարևոր դեր կարող է խաղալ այն, թե ԱՄՆ-ն ինչպես կկառուցի հարաբերություններն Իրանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։