Կորոնավիրուսի նվազման տեմպերի մասին չենք կարող խոսել, քանի դեռ դրական թեստավորման թվերն ավելանում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվոի նախագահ Նարեկ Զեյլնալյանը։
«Քանի դրական պատասխաններն ավելանում են, սա նշանակում է՝ նվազման մասին խոսք լինել չի կարող։ Սա դրական պրոցես է՝ հայտնաբերում ենք հանրության շրջանում գտնվող վարակվածներին», – ասաց Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ կանխարգելիչ միջոցառումներն անընդհատ փոփոխման են ենթարկվում` կապված վիճակագրական վերուծության արդյունքներից, աճի տարածման տեմպից, և այստեղ մեղավորներ պետք չէ գտնել, սա կոլեկտիվ պատասխանատվության հարց է։
Դիտարկմանը, թե եղել են իրարամերժ հայտարարություններ դիմակներ կրել-չկրելու հետ կապված, և հիմա ժողովուրդն անլուրջ է վերաբերվում նախարարաության հայտարարություններին, Նարեկ Զեյնալյանը նշեց, որ իրարամերժ հայտարարություններ ձևակերպումն այդքան էլ տեղին չէ։
«Այն դիմակները, որոնք մենք կրում ենք, նախապես ասվել է, որ 100 տոկոսով չի ապահովագրում վարակվելուց, սակայն դա չի նշանակում, որ դիմակ չպետք է կրել։ Եթե կա մի միջոցառում, որ գեթ մեկ տոկոսով կարող է կանխել վարակի տարածումը, պետք է կիրառել»:
Հարցին, թե ՀՀ-ն հայտնվել է կարմիր գոտում, ինչո՞ւ այս կետին հասանք, Զեյնալյանն ասաց, որ մահվան դեպքերով Հայաստանն առաջին հորիզոնականում չէ: Ըստ նրա՝ մահաբերության ցուցանիշը բավակականին ցածր է` համեմատած համաշխարհային միջին գործակցի հետ:
«Մեզ մոտ վիճակագրության համաձայն՝ թվերի աճ է նկատվում, այսինքն՝ պիկին դեռ չենք հասել։ Թվերը պետք է նվազեն ու ձգտեն զրոյի, որ ասենք պիկին հասել ենք և հաղթահարում ենք»։
Դիտարկմանը, թե ախտանիշներ չունեցող քաղաքացիներին նախարարությունը հորդորում է տանը մեկուսանալ, Նարեկ Զեյնալյանը ընդգծեց, որ եթե վարակվածը որևէ գանգատ չունի, և միայն թեստն է դրական ցույց տվել, նրանք կարող են միայն վերահսկվել տեղի պոլիկլինիկայի բժշկի կողմից և գանգատի դեպքում թերապևտի որոշմամբ կատարվում է հոսպիատալացում:
«Լինում են դեպքեր, երբ մարդու մոտ դրական է թեստը, բայց երկու-երեք շաբաթ գանգատ չի լինում և հաջորդ թեստի պատասխանը լինում է բացասական: Սա հաշվի առնելով՝ որոշում է կայացվել այդ քաղաքացիներին տնային պայմաններում հսկողության տակ պահել:
Հարցին, թե վերակենդանացման բաժանմունքում բուժում են ստանում թե կորոնավիրուսով հիվանդները, թե այլ հիվանդություն ունեցողները, արդյոք սա վտանգավոր չէ՞, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, որ մտնում է բժշկական հաստատություն, պետք է դիտարկել որպես կորոնավիրուսով պոտենցիալ հիվանդ:
«Պետք է թեստավորում իրականացնել, քանի որ կարող է այլ գանգատով դիմել, և պարզվի, որ վարակված է և վիրուսի տարածման աղբյուր դառնա: Վերակենդանացման բաժանմունքը բավականաչափ ծանրաբետնված է, բայց առողջապահական համակարգն ունի մասնագիտական ներուժ հավելյալ միջոցներ ներգրավվելու համար»: