Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմը մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը 17:00-ն երկարաձգելու մասին կառավարության որոշումը: Ռիսկերը, որոնք ստիպել են երկրում արտակարգ ռեժիմ սահմանել, դեռևս հաղթահարված չեն, սակայն բժշկական ապահովման տեսանկյունից կառավարելի են, ասել է Ավինյանը։ Սակայն նման ռեժիմից դուրս առայժմ հնարավոր չէ սանիտարական և հակահամաճարակային նորմերի պահպանումը։ Այսօր երկրում 32 151 վարակված կա, իսկ 11 530 մարդ ստանում է փաստացի բուժում։ Ցավոք, արձանագրվել է 573 մահվան ելք, հիշեցրել Է փոխվարչապետը՝ միաժամանակ նշելով համաճարակի դեմ պայքարը շարունակելու համար առողջապահական համակարգի բավարար հնարավորություններն ու ներուժը:
Պարետն ընդգծել է, որ անհնար է հասնել համաճարակային իրավիճակի կառավարելիությանը՝ հենվելով միայն մեկ ոլորտի վրա, դրա համար անհրաժեշտ է կարգապահություն և կենսագործունեության բոլոր ոլորտներում սահմանված կանոններին հետևել: Մասնավորապես, Ավինյանի կարծիքով, անձնական տարածությունից դուրս դիմակները պարտադիր կերպով կրելու միջոցն ապացուցել է իր արդյունավետությունը. այդ մասին է վկայում, մասնավորապես, ամեն օր գրանցվող դեպքերի նկատմամբ հիվանդության վերարտադրության գործակցի կայունացումը: Նրա կանխատեսմամբ՝ մինչև սեպտեմբեր սպասվում է օրական մոտ 140 դեպք՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, նաև եղանակային գործոնը:
Ըստ նրա՝ մինչ օրս դիմակ չկրելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն:
Տիգրան Ավինյանը միաժամանակ նկատեց, որ համեմատաբար նվազել են խախտումները տնտեսվարողների շրջանում :
Վերջում ՀՀ պարետը տեղեկացրեց, որ մոտավոր հաշվարկով սեպտեմբերի սկզբին կունենանք օրական մոտ 140 կորանավիրուսի նոր դեպք: Կանխատեսումներն, ըստ նրա, խիստ նախնական են:
«Ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարկում իրականացնել, վերսկսելու ենք սահմանփակումների վերաբերյալ քննարկումները», – նշեց ՀՀ պարետը:
Ավինյանը նկատեց, որ մեծ են ակնկալիքները, որ Հայաստանում արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու. պետությունը ներկայում դիտարկում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորություն:
«Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկարացումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության և լրջության ազդակ լինի, մեր հավաքական վարքագիծը լրացուցիչ անգամ գնահատելու և համարժեք եզրակացություններ անելու առիթ դառնա: Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն: Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից: Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարահամաճարակային և այլ կանոնների պահպանում: Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու: »,-ասաց Ավինյանը: