Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրված աղիքային հիվանդության 101 դեպքից 83-ը դուրս են գրվել առողջացումով, 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ։ Այս պահին հոսպիտալացված է 14 պացիենտ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Կաթնառատում խմելու համար տեխնիկական ջուր են օգտագործում։ Ջուրն այստեղ հավաքվում է 3 աղբյուրներից, այդ թվում գետի ջուրն է միախառնվում մյուս ակունքներին։
Աղիքային վարակի պատճառ դարձած ջրի մատակարարումը դադարեցվել է, գյուղացիների համար ջուրը բերվում է ցիստեռներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մանրէաբանական հետազոտության նպատակով վերցվել են նմուշներ` ինչպես գյուղացիներից, այնպես էլ մակերեսային աղբյուրի ջրից։ Հետազոտական արդյունքներով բնակիչների մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: