ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ, մասնավորապես՝ ալկոհոլային, թունաքիմիկատներից, դեղորայքային և այլ քիմիական նյութերից թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: Երևանում՝ 1.2 անգամ, իսկ մարզերում՝ 1.1 անգամ:
Միաժամանակ, դեպքերի 55.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 44.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 64.9%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 35.1%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում:
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է.
▶️ թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ),
▶️ լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին,
▶️ չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
▶️ թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ,
▶️ պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ հասանելի վայրերում:
▶️ դեղորայքը պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս,
▶️ յուրաքանչյուր օգտագործումից հետո հավաքել և պահել դեղորայքը,
▶️ դեղորայք ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
▶️ ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղորայքի չափաբաժինները և հաճախականությունը,
▶️ ալկոհոլը չզուգակցել դեղորայքի ընդունման հետ,
▶️ առանց բժշկի խորհրդատվության` դեղամիջոցները չզուգակցել,
▶️ հետևել դեղորայքի պահպանման կանոններին: