«Հայաստանում շրջանառվում է կարանտինի երկարաձգման մասին որոշման նախագիծը, որը գտնվում է կառավարությունում։ Կարծում եմ, որ այսօր երկարացման որոշումը կկայացվի»։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նա ասաց, որ միանշանակ պետք է երկարացնել կարանտինը, քանի որ դա ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիտ կամ նվազ ծավալներ իրականացնել։
«Այս պահին էլ ՊՇՌ թեստավորման պահանջը սահմանվում է կարանտինի մասին որոշմամբ՝ ՀՀ սահմանը հատելիս։ Այսինքն՝ մենք այս պահին չենք օգտագործում կարանտինի մասին որոշմամբ հնարավոր ամբողջ գործիքակազմը, սակայն դրա որոշ բաղադրիչներ ժամանակի ընթացքում ճկուն փոփոխվում են։ Այո, 6 ամսով այն կերկարացվի»,- ասաց Ավանեսյանը։
Armenia Today-ի մեկ այլ հարցին ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումների սկիզբը դրվել է քաղաքացիներին կրթելու, համոզելու, տեղեկատվություն փոխանցելու միջոցով։ Սակայն Առողջապահության նախարարությունը մինչև սեպտեմբեր նոր սահմանափակումների փաթեթ կներկայացնի, քանի որ ինչքան էլ կորոնավիրուսային ցուցանիշները բարվոք վիճակում են, սեպտեմբերին, ուսումնական գործընթացի հետ կապված, շարժի մեծ աճ կունենանք և պետք է հստակ պատրաստվել դրան։ Այսպիսով՝ Ավանեսյանը չի բացառում զանգվածային պարտադիր պատվաստման հնարավորությունը։