Աշտարակի բժշկական կենտրոնի վիրահատական բաժանմունքը վերազինվել է նոր սարքավորմամբ։ Ճառագայթային ախտորոշիչ սարքը բուժհաստատությանը նվիրաբերվել է Արագածոտնի մարզպետարանի և Ֆրեզնոյի բժշկական առաքելության համագործակցության շրջանակներում: Ճառագայթային ախտորոշիչ սարքավորումը Աշտարակի բժշկական կենտրոնին նվիրաբերվել է ամերիկաբնակ հայ բարերար Միշել Թութելյանի միջոցներով։
Armenia Today-ի նկարահանող խումբը ներկա է եղել միջոցառմանը։
Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո ներկայացվել է սարքավորումը, ինչպես նաև Ֆրեզնոյի հայ համայնքի կողմից հատկացված բժշկական բազմաթիվ գործիքները, դեղորայքը ու վիրահատությունների ժամանակ օգտագործվող անհրաժեշտ պարագաները։
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցրեց՝ կբարձրանա Աշտարակի շրջանում տրամադրվող բուժսպասարկման որակը։ Նոր վիրահատական սարքավորման շնորհիվ այլևս հիվանդներին ստիպված չեն լինի ուղեգրել Երևանի հիվանդանոցներ։
«Վստահ եմ՝ մոտ ապագայում Արագածոտնի մարզի առողջապահական կազմակերպությունները, այս դեպքում՝ Աշտարակի բժշկական կենտրոնը, դարձնելու ենք այնպիսին, որի պատկերացումն ու ցանկությունն ունենք բոլորս»,- հույս հայտնեց մարզպետը։
Արդեն վեցերորդ անգամ է, որ Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը ժամանում է Հայաստան։ Արագածոտնի մարզպետարանի և Ֆրեզնոյի հայ համայնքի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի։ Դեռ 2019 թվականին Ֆրեզնոյի հայ համայնքի 320 հազար ԱՄՆ դոլարի հանգանակությամբ Աշտարակի ԲԿ-ի վիրահատարանները վերանորոգվել և վերազինվել են բժշկական գործիքներով։ Նվիրաբերված սարքավորումները շուրջ 50 000 ԱՄՆ դոլար արժեն։
Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի խոսքով՝ եկել են ասելու, որ Սփյուռքն ամեն րոպե հայրենիքի կողքին է։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների պատվիրակության հետ մասնակցել է սարքավորման նվիրաբերության արարողությանը։
«Բոլորին շնորհակալություն եմ հայտնում, որ իրենց ջանքերն ուղղել են Հայաստանում բուժսպասարկման որակի բարձրացման, բնակչության, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնման համար։ Շատ կարևոր է, որ պատերազմի վերքերից կարողանան շատ արագ վերականգնվել»,- ասաց դեսպանը։
Պերճ Աբգարյանը խոստանում է՝ Աշտարակի ԲԿ-ի նկատմամբ իրենց հոգածությունը շարունակվելու է։ Կառավարության ծրագրով հաջորդ տարի Աշտարակի բժշկական կենտրոնն ամբողջովին վերանորոգվելու է։