ՀՀ առողջապահության նախարարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի միջև կկնքվի համագործակցության հուշագիր:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հիմնադրամի ներկայացուցիչների հետ նախօրեին կայացած հանդիպմանը նախարարն ընդգծել է գործակցության ավանդույթները` հույս հայտնելով, որ Հայաստանում իրականացված օգնության և զարգացման ծրագրերը հաջողության նոր պատմությունների հիմք կդառնան:
«Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Հայաստանի առողջապահական համակարգում նշանակալի ներդրում կիրականացվի և անդրադարձել, մասնավորապես, արյան բանկի ստեղծման ներդրումային ծրագրի ընթացակարգերին, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին:
Առողջապահության նախարարը շեշտել է արյան կենտրոնացված բանկի ստեղծման կարևորությունը հետպատերազմական շրջանում և նշել, որ առողջապահության նախարարությունը շահագրգիռ է, որ ծրագիրն իրականացվի սեղմ ժամկետներում: Քննարկված հարցերին իրավական ուժ տալու համար հուշագիր կկնքվի:
Նշենք, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ստեղծվել է 1993 թվականին: Նպատակը՝ բնակչությանը տնտեսական և սոցիալական հարցերով օգնության տրամադրումն է: