Covid 19-ով վարակված մայրերին կրծքով կերակրելը հակացուցված չէ: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթի միջոցով վիրուսի փոխանցման վտանգը փոքր է: Այս մասին տեղեկացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ կերակրելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Պետք է կերակրման ընթացքում կրել պաշտպանիչ դիմակ, երեխային ցանկացած հպումից առաջ օճառով լվանալ կամ ախտահանել ձեռքերը, կթիչ սարքերը, շշերը և ծծակները ախտահանել օգտագործումից հետո»:
Հայտարարության համաձայն՝ մասնագետները նշում են, որ կրծքով կերակրումը կենսական նշանակություն ունի երեխայի համար՝ սնուցման, առողջության և բարեկեցության առումով, այն մանկանը պաշտպանում է հիվանդանալուց, ամրացնում է իմունային համակարգը, պաշտպանում է վարակներից, նպաստում է մայրերի և նորածինների հուզական կապին՝ ունենալով նաև հոգեկան առողջությանը նպաստող այլ գործոններ: