Համաճարակի և համաճարակային պատրաստվածության վարկանիշում Հայաստանը 195 երկրների մեջ զբաղեցրել է 16-րդ տեղը: Այս մասին է վկայում ամերիկացի գիտնականների կողմից պատրաստված Առողջապահության անվտանգության համաշխարհային ինդեքսը (GHS)։
Ցուցանիշը հաշվարկվել է միջուկային սպառնալիքների նախաձեռնություն ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ Ջոն Հոփկինսի համալսարանի առողջության անվտանգության կենտրոնի և Economist ամսագրի վերլուծական կենտրոնի հետ համատեղ: Ըստ մշակողների, GHS ինդեքսն ամբողջությամբ հիմնված է բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների տվյալների վրա:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի ցուցանիշը 100-ից 61,8 միավոր է, ինչը 1,4 կետով ավելի վատ է, քան 2019 թվականին, երբ պատրաստվել էր առաջին համաշխարհային ինդեքսը։
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը՝ հավաքելով ավելի քան 75 միավոր, առաջին տասնյակում են նաև Ֆինլանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Հարավային Կորեան։ Սոմալին 16 միավորով վերջին տեղում է:
Առողջապահության համաշխարհային անվտանգության ինդեքսն առաջին անգամ հրապարակվել է 2019 թվականին։ Այն դասակարգում է 195 երկրներ վեց կատեգորիաներում (կանխարգելում, հայտնաբերում, արձագանքում, առողջապահական համակարգ, համապատասխանություն և ռիսկային իրավիճակ) և ավելի քան 30 ենթակատեգորիաներում: