Երբ անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից, անմիջապես միտք է առաջանում դիմել էքսպրես դիետաների, որոնք, ըստ սննդաբանների, կարող են վատ ազդեցություն ունենալ մեր առողջության վրա։ Doctorpiter.ru-ի հետ զրույցում էնդոկրինոլոգ Սվետլանա Շոկուրն անվտանգ նիհարելու 4 կանոն է նշել։
Նրա խոսքով՝ սննդառության կտրուկ սահմանափակումը մարմնի համար ֆիզիկական և հոգեբանական սթրես է: Այդ դեպքում, ըստ մասնագետի, բարդություններն անխուսափելի են։
«Դուք արագ կհոգնեք, ձեր տրամադրությունը կտրուկ կփոխվի, կարող եք սկսել տառապել մկանների թուլությունից, ավելի հաճախ հիվանդանալ, տառապել անքնությունից»,-ասել է նա։
Նա անվտանգ նիհարելու 4 կանոն է առանձնացրել։
«Առաջին հերթին պետք է հեռացնել նախուտեստները, անցնել ավելի քիչ յուղայնությամբ ուտեստների, սննդակարգում ավելացնել ավելի շատ բանջարեղեն։ Երկրորդ՝ հրաժարվել հեշտությամբ մարսվող ածխաջրերից, այսպես կոչված, պարզ շաքարերից (ավելացված շաքարեր, մրգային ըմպելիքներ, սպիտակ ալյուրից պատրաստված ուտեստներ)։ Բացի այդ, պետք է բարձրացնել սպիտակուցային մթերքների (թռչնամիս, ձուկ, ձու, կաթնաշոռ) ընդունումը յուրաքանչյուր ճաշի ժամանակ: Երրորդ՝ պետք է վերահսկել խմելու ռեժիմը, օրական օգտագործել առնվազն 1,5 լիտր ջուր: Դա կօգնի արագացնել նյութափոխանակությունը և ավելի արագ կշտանալ։ Չորրորդ՝ չպետք է մոռանալ ֆիզիկական ակտիվության մասին: Սպորտը կօգնի բարձրացնել բազային նյութափոխանակության արագությունը և ավելի արագ հասնել ցանկալի արդյունքի»,-ասել է նա։