Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը հայտնել է երկրում խոշոր բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպելու մտադրության մասին։ Այս մասին Թորոսյանը հայտնել է Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
Հանդիպման ժամանակ կներկայացվեն արտակարգ դրության ժամանակ բուժհաստատությունների գործունեության կարգն ու առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության N 298-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի կիրառման սկզբունքները:
Թորոսյանը հիշեցրել է, որ ըստ այդ կետի, մարտի 16-ից բժշկական հաստատությունները (անկախ սեփականության ձևից) պետք է բժշկական օգնություն և սպասարկում տրամադրեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումների հիման վրա:
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 52-ի։