Մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերի գործարկումը խնդիրներ է առաջացրել առողջապահության ոլորտում՝ սկսած «Արմեդ» համակարգի խափանումից՝ վերջացրած հիվանդանոցների՝ համակարգին պատրաստ չլինելով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով առողջապահության ոլորտի իր աղբյուրներին։
Թերթը հայտնել է, որ «Արմեդ» համակարգն աշխատում է խափանումներով և տեխնիկական խոտաններով։ Համակարգի պատասխանատուները հաղորդել են, որ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համար իրենց նոր սերվեր է հարկավոր, սակայն նախարար Անահիտ Ավանեսյանը պնդել է, որ մարտի 1-ից դեղատոմսերի թվայնացումը գործարկվի, գրել է լրատվականը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ նոր համակարգը խնդիր է դարձել նաև հիվանդանոցների համար։ «Էլեկտրոնային դեղատոմսերին անցնելուն պատրաստ չեն նաև հիվանդանոցները, քանի որ նույն «Արմեդ» համակարգ ոչ բոլորը մուտք ունեն, ոչ բոլորն են կարողանում դրանով աշխատել»,- գրել է թերթը։
Լրատվականի տեղեկություններով՝ ոլորտի մասնագետները կարծում են, որ այս համակարգը երկար կյանք չի ունենա, քանի որ տեխնիկապես պատրաստ չեն դրա կիրառմանը:
Կառավարության փետրվարի 29-ի որոշմամբ՝ մարտի 1-ից թղթային դեղատոմսերը փոխարինվել էին էլեկտրոնայինով։ Փոփոխությունները վերաբերում են 400 անուն դեղամիջոցների՝ հակաբակտերիալ, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերին, իմունային շիճուկներին և իմունոգլոբուլիններին և պատվաստանյութերին։ 2025 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի ևս 2566 անուն դեղ: