ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկել է «Ցրված սկլերոզ» հիվանդություն ունեցող բուժառուների անվճար դեղապահովման ծրագիրը, հայտնում են ԱՆ-ից։
Ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ-ն առաջին անգամ հիվանդությունն ունեցող պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր։ Նախարարությունից տեղեկացրել են, որ հիվանդության տարբեր փուլերի համար տրամադրվում է 4 անվանում դեղ։
«Ներկայումս բուժման ընթացքում է շուրջ 159 պացիենտ, որից 51-ն ստանում է «Օկրելիզումաբ» դեղը: Այն տրամադրվում է հրամանում ներառված բժշկական հաստատությունների կողմից հաստատված պացիենտներին` հաշվի առնելով դեղի նշանակման առանձնահատկությունները: 108 պացիենտ, այդ թվում` 12 տարեկանից բարձր երեխաներ, ստանում են 3 անվանում դեղ:
«Ինտերֆերոն բետա 1a», «Դիմեթիլֆումարատ», «Գլատիրամեր ացետատ» դեղերը տրամադրվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող և բժշկական կազմակերպությունների միջոցով` ըստ պացիենտի բժշկի նշանակման թերթիկի, բժշկական կազմակերպության ղեկավարի կամ բաժնի վարիչի հաստատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։