Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը Armenia Today-ի հետ հարցազրույցում գնահատել է Հայաստանում տարածված վիրուսների և «սեզոնային վարակների» իրավիճակը։
Նրա խոսքով՝ դրանց թվում են կորոնավիրուսի տեսակները, նոր շտամերը: Վիրուսաբանի դիտարկմամբ՝ COVID-19-ի ակտիվությունը սեզոնային բնույթ է ստացել։
Զաքարյանի կարծիքով՝ 2020-2021 թվականներին պետական ատյանները կարող էին ու պետք է ավելի արդյունավետ գործեին համավարակի դեմ պայքարում:
«Վիրուսի դեմ պատերազմում մենք չունեցանք հստակ ռազմավարություն»,- հայտարարել է վիրուսաբանը:
Փորձագետն ընդգծել է, որ չգիտի այն հարցի պատասխանը, թե Հայաստանը պատրա՞ստ է արդյոք հնարավոր նոր համավարակի կամ տեղային համաճարակի հաղթահարմանն ու արդյունավետ կանխարգելմանը:
Նման խնդիրների շարքում Զաքարյանը նշել է բնակչության ոչ բավարար տեղեկացվածությունը։ Նա ընդգծել է նաև հաշվարված հստակ քայլերի բացակայության մասին, ինչը կօգներ հասարակությանը տեղեկացված պահել։ Նա օրինակ է բերել 2024-ի ամռանը մարզերում «նեղոսի տենդի» տարածման ժամանակ պատկան մարմինների ոչ հետևողական քայլերը, հասարակությանը քաոտիկ իրազեկումը։
Նա նաև հայտարարել է նախարարության կողմից խորհրդատվական հիմունքներով վիրուսաբանների անբավարար ներգրավման մասին՝ վիրուսների դեմ պատերազմում միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու համար:
Վիրուսաբանն անդրադարձել է նաև տարածվող վիրուսներից պաշտպանվելու համալիր միջոցառումներին: Նա կարևորել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, քանի որ սեզոնից սեզոն գրիպի վիրուսը փոխակերպվում է։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ ընդունած պատվաստանյութն անզոր է պայքարել նոր սեզոնի գրիպի դեմ։
Զաքարյանը հավելել է, որ պատվաստումը չի նշանակում, որ մարդը վիրուսներով չի վարակվելու, այլ միայն թույլ է տալիս ավելի հեշտ տանել վիրուսի ախտանիշները։
Փորձագետի գնահատմամբ՝ դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելը, և հիգիենայի պահպանումը կնվազեցնեն վարակի վտանգը:
Խոսելով բակտերիալ վարակների մասին՝ նա փաստել է, որ հակաբիոտիկների «կյանքը»՝ էֆեկտիվությունը կարճ է:
«Դա նման է սպառազինության մրցավազքի. բակտերիաները հակաբիոտիկներին հակազդելու նպատակով մուտացիայի են ենթարկվում, այնուհետև դրանց դեմ նոր հակաբիոտիներ են ստեղծվում: Վտանգն այն է, որ որոշ բակտերիաներ մի քանի տեսակի հակաբիոտիկների համար անխոցելի են դառնում»,- ասել է Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։