Նման դժվարին ժամանակներում դժվար է լավատես լինել, բայց այն անհրաժեշտ է բոլորին, գրել է Большие Идеи կայքը, որը մեկտեղել է այն խորհուրդները, որոնք կօգնեն կյանքին ավելի դրական լույսի ներքո նայել։
Հասնել առաջադրանքների հստակ կատարմանը, բայց տեղ թողնել «կազմակերպչական անխոհեմության» համար
«Այնպիսի բարդ ժամանակներում, ինչպիսին հիմա է, անհնար է հաջողության հասնել առանց ամենօրյա ծանր աշխատանքի։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում անհանգստացած հաճախորդների համար լուծումներ գտնելու, սթրեսից հոգնած գործընկերների հետ շփվելու և աշխատանք-կյանք հավասարակշռություն հաստատելու համար: Բայց կազմակերպչական հարցերի մանրամասների վրա կենտրոնանալը չպետք է մոռացության տա երևակայության ուժի և մտքի փոթորկի մասին, ինչը Սթենֆորդի համալսարանի բիզնեսի դպրոցի Ջեյմս Մարչըն անվանել է «կազմակերպչական անխոհեմություն»»,- գրել է կայքը։
Footnotes to Organizational Change իր ուղեցույցում նա պատմել է, թե ինչպես են ամենահաջողակ առաջնորդները հավասարակշռություն գտնում «ակնհայտորեն ռացիոնալ փոփոխությունների գործընթացների» միջև։ Օրինակ՝ մանրակրկիտ պլանավորման և ծրագրի հստակ վարման, ժամանակի ազատ բաշխման, փորձերի, ամպերի մեջ ընկնելու, այսինքն՝ «անխոհեմության որոշ բաղադրիչների» միջև, որոնք գուցե դժվար է հիմնավորել, բայց որոնք կարևոր են նորարարության համակարգի համար:
Առաջարկեք բոլորին դառնալ լուծման մի մասը, և հնարավորություն տվեք փոխել իրավիճակը դեպի լավը
Ավելի քան 10 տարի առաջ Սառա Սարասվատին հրապարակեց խորհրդանշական ուսումնասիրություն այն մասին, թե ինչպես են իրականում գործում նորարարներն ու ձեռներեցները: Նա նշել է, որ հաջողակ նորարարները կանխատեսում են ապագան, մշակում են իրենց տեսլականն իրականություն դարձնելու հստակ ծրագիր, և ներգրավում են դրա համար անհրաժեշտ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ:
Ըստ հեղինակի՝ ամենահաջողակ մարդիկ նախ փորձում են հասկանալ իրենց իսկ առանձնահատկությունները, նախասիրությունները և կարողությունները։ Նրա խոսքով՝ նոր նախագծի մեկնարկը կամ ինչ-որ բարելավումների ուղղությամբ քայլ անելն անհավանական և ռիսկային արարք չէ։
«Դա միայն գործողություն է հնարավորության սահմաններում»,- ասել է նա։
Մի զբաղվեք միայն նոր գաղափարներով՝ ամրապնդեք անձնական հարաբերությունները
Դժվարին ժամանակներում բնական է, որ կարող ենք գայթակղվել և, այսպես ասած, խաղադրույք կատարել հեղափոխական գաղափարների վրա, ինչպիսիք թվային վերափոխումը, կազմակերպության վերակազմավորումն են: Շարոն Սալցբերգը՝ մեդիտացիայի ոլորտի առաջատար փորձագետներից մեկը, աշխատում է «մարդկանց աջակցող» մասնագիտություններ ունեցող մասնագետների՝ մանկավարժների և սոցիալական ակտիվիստների հետ, ովքեր ձգտում են լավ բան անել և իրենց դրական ներդրումն ունենալ:
Նա կոչ է անում այս ոլորտների առաջնորդներին իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին իրենց անձնական ազդեցության գոտում՝ իրենց շուրջ կենտրոնանալով հաճախորդների, հիվանդների, աշխատակիցների և թիմերի հետ աշխատանքի վրա:
«Մեզանից քչերն ունեն այնպիսի ուժ, համառություն, որ կարողանանք մեկ գիշերվա ընթացքում աշխարհում ինչ-որ բան փոխել։ Իրականության այն մասը, որի վրա մենք շատ դեպքերում կարող ենք ազդեցություն ունենալ, մեր անմիջական միջավայրն է», – ասել է Սալցբերգը։
Բացասականի հարձակմանը դիմակայելու համար որևէ դրական նորություն բաց մի թողեք
Հոգեբանության ոլորտի մասնագետները ամեն ինչում միակարծիք չեն, բայց կա գրեթե անվիճելի կարծիք, որը կիսում են նրանցից գրեթե բոլորը. մարդն ավելի աշխույժ է արձագանքել ոչ թե դրական, այլ վատ իրադարձություններին և բացասական հույզերին։
Թիմի լավատեսությունը պահպանելու համար ղեկավարներին խորհուրդ է տրվում ընդգծել հուսադրող սյուժեներն ու դրական փոփոխությունները: Հետազոտող հոգեբան Ռոբերտ Բաումայստերի գնահատմամբ՝ «մեկ վատ լուրին դիմակայելու համար չորս լավ նորություն է պետք»։
«Դրական նորություններ թվարկեք, որպեսզի թիմի համար ավելի հեշտ լինի հետ կանգնել անհաջողություններից: Եվ նույն կերպ վարվեք ինքներդ ձեզ հետ: Սոցիալական ցանցում հեգնական մեկնաբանությունից նեղվելու փոխարեն վերընթերցեք գովասանքի չորս արձագանքները»,- խորհուրդ է տվել Բաումայստերը: