Դեռահասների ճարպակալման հարցը պետք է դիտարկել ինչպես կրթական, այնպես էլ առողջապահական կոմպոնենտով, 2024 թվականի տվյալներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում աճում են գերքաշության ցուցանիշները։ «Մենք վերանայեցինք դպրոցականների սնունդի կալորիաժը, այն սնունդը, որը պետք է «Տաք սնունդ» ծրագրի շրջանակներում տրվի։ Հիմա շրջնառվում է նաև մանկապարտեզների սննդակարգի վերանայման ծրագիր»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում տրանսճարպերի, գազավորված ըմպելիքի օգտագործման և սահմանափակման առումով, ինչպես նաև դպրոցների շրջակայքում իրականացվող վաճառքի կետերի շրջանակներում։ Նա նաև կարևորել է մարզադահլիճների առկայությունը դպրոցներում։
«Պետք է խիստ կարևորել դպրոցների մարզադահլիճների կառուցման ծրագիրը, որն իրականացնում է Կառավարությունը։ Ֆիզիկական կուլտուրան պետք է Հայաստանում գա այն մակարդակի, որ երեխան դպրոցում կարողանա ֆիզիկական ակտիվ կյանք վարել։ Որպեսզի կարողանանք կանխարգելել նաև գերքաշությունը և ճարպակալումը»,- հավելեց նախարարը։
Կարդացեք նաև՝ «Չի կարելին» օրգանիզմի համար դժվար բառ է․ փորձագետը՝ դիետայի և հորմոնային խնդիրների մասին, որտեղ Էնդոկրինոլոգ, դիետոլոգ Անուշ Միրզոյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում խոսել է էնդոկրին համակարգի, գեղձերի աշխատանքի ու դրանց վրա մեր սննդակարգի ազդեցության մասին: