Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների տարածման հետ կապված իրավիճակը կառավարելի է, 2024 թվականի տվյալներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ընդհանուր առմամբ՝ այս պահին, թե՛ սուր շնչառական վարակների, թե՛ քովիդի, թե՛ գրիպի առումով ունենք այսպես ասած՝ միջին իրավիճակ»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ Հայաստանում դեռևս 2023 թվականին արձանագրվել էր մետապնևմավիրուսի դեպք, այժմ հիվանդությունը տարածում է գտնում աշխարհում, սակայն ՀՀ-ում դեռևս չի հայտնաբերվել։
«2024 թվականի ձմռանն ու այս տարի նույնպես դեպքեր ՀՀ-ում չենք արձանագրել։ Մենք իրականացնում ենք ամենօրյա մոնիթորինգ, թե ինչ իրավիճակ է տարածաշրջանում, ՀՀ-ում տարածման ինչպիսի ռիսկեր ունենք»,- պարզաբանեց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ սեզոնին դեռ առկա է հիվանդացության դեպքերի աճ և պետք է շատ զգուշավոր բոլոր հարցերին արձագանքել։ Նա տեղեկացրեց, որ 2024 թվականին ավարտել են ջրծաղիկի դեմ պատվաստանյութի գնման գործընթացն ու ստացել խմբաքանակը։
«Սակայն դեռ խմբաքանակն ընդունված չէ։ Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստումների ձեռքբերումները, և երբ կավարտվի հանձնում-ընդունման գործընթացը, կորոշենք՝ ընդունում ենք խմբաքանակը, թե ոչ»,- հավելեց նա։
Նախարարի խոսքով՝ իրականացված է նաև հաջորդ խմբաքանակի գնման գործընթացը։ Նա հույս հայտնեց, որ փետրվարին կսկսեն պատվաստումներ իրականացնել ջրծաղիկի դեմ։
Նշենք, որ Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել էր մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։