SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Արարատի ռազմական ոստիկանության բաժնում պարզվել է սեպտեմբերի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն, գլխիվայր շրջվելով, հայտնվել էր բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ BMW-ն վարել է Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Արա Կարապետյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատում է «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում, իսկ ГАЗ 3308-ը, որը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 35-ամյա Հայկ Հայրապետյանը:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Հ. Հայրապետյանը, վերջինիս ուղևոր Արարատի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 31-ամյա Ռուբեն Վիրաբյանը և BMW-ի ուղևոր Գորիսի բնակիչ 31-ամյա Անուշ Կարապետյանը: Որոշ ժամանակ անց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ է դիմել Արարատի մարզի բնակիչ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 26-ամյա Վահե Մայիլյանը, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի ժամանակ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ վթարի ժամանակ ճանապարհի բաժանարար արգելապատնեշը կոտրվել է և դիպել Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Վաղինակ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ վնասելով այն: