Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08։23-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
ՃՏՊ-ի հետևանքով 18 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։ Տուժածներից 14-ը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։