Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը ցավակցություն է հայտնել հայկական կողմին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին նա ասել է ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում։
Հանդիպումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների։
«Ինչպես գիտեք, օգոստոսի 14-ին Երևանի առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հայկական կողմին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ»,- ասել է նա։
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 13-րդ նիստը՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների վարչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Նախագահ է ընտրվել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 16 մարդու մահվան և ավելի քան 60 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Օգոստոսի 17-18-ը Հայաստանում և Արցախում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի։