Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը Armenia Today-ին պատմել է տարածաշրջանում ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակի մասին:
Նա իրավիճակն անվանել է «աղետալի»՝ նշելով, որ ավերածություններն ազդել են տների, կամուրջների և ճանապարհների վրա:
Ղումաշյանի խոսքով՝ ենթադրվում է, որ ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Մահացածի մարմինը, ըստ նրա, ջրի տակ հայտնված մեքենայում է գտնվում։ Համայնքում կա նաև մեկ տուժած: Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ գրեթե ամբողջ բնակչությունը տարհանվել է։
Իր հերթին՝ Լոռու մարզի Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը մեր թղթակցին հայտնել է, որ համայնքի բնակիչների շրջանում տուժածներ չկան, ջրհեղեղից տուժած շրջաններում իրականացվել է ամբողջ բնակչության տարհանում:
Սարգսյանի խոսքով՝ Ախթալայի կայարանում ջրի տակ է հայտնվել երկու-երեք տուն, տուժել են նաև երկաթուղային գծերը: Նա տեղեկացրել է, որ վերականգնողական աշխատանքներ հնարավոր կլինի իրականացնել ջրի մակարդակի իջեցումից և վնասի գնահատումից հետո:
Մայիսի 26-ին ՆԳՆ-ն հայտնել էր Լուռու և Տավուշի մարզերում հեղեղումների վերաբերյալ ստացած ահազանգերի մասին։ Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 1 զոհ, անհետ կորած 1 քաղաքացի, ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնել էին ևս մեկ զոհի մասին։ Հեղեղներն ավերածությունների պատճառ են դարձել, կան արգելափակված մեքենաներ։ Վարարել են Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև է եկել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ է ձևավորել։ Ժամը 13։30-ի դրությամբ աղետից փրկվել է 20 քաղաքացի։