Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Ղազախի շրջանում 4 զինծառայողի վիրավորվելու մասին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Միջադեպը տեղի է ունեցել Գըզըլգաջիլի գյուղի մոտ։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ նրանք վիրավորվել են ականի պայթյունից սահմանագծման արդյունքում Ադրբեջանին անցած ՀՀ Տավուշի մարզի տարածքում։
Նշվում է, որ վիրավորվել են ադրբեջանցի սահմանապահն ու Ադրբեջանի ականազերծման գործակալության երեք աշխատակիցներ։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։