Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 21-ին հայտարարեց Սև ծովում գազի պաշարներ հայտնաբերելու մասին։
Էրդողանը նշել էր, որ «Fatih» հորատող նավը 2020թ հուլիսի 20-ին Սև ծովում հորատումներ է կատարել, որի ընթացքում 320 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի պաշարներ են հայտնաբերվել։
Սև ծովում երկնագույն վառելիք հայտնաբերելու վերաբերյալ Էրդողանի հայտարարության, Թուրքիայի էներգետիկ քաղաքականության վերանայման ու էներգետիկ անկախության և այդ պաշարների հայտնաբերման արդյունքում տարածաշրջանի էներգետիկ քարտեզի հնարավոր փոփոխությունների մասին Armenia Today-ը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ։
-Թուրքիան վերջին շրջանում Միջերկրական ծովում ապօրինի հորատման աշխատանքներ է իրականացնում՝ էներգետիկ պաշարներ հայտնաբերելու նպատակով, սակայն դրան զուգահեռ Էրդողանը հայտարարում է Սև ծովում բնական գազի պաշարների հայտնաբերման մասին։ Պարո՛ն Դավթյան, Ձեր դիտարկմամբ՝ Միջերկրական ծովում էներգետիկ հետազոտությունների իրականացման ֆոնին Սև ծովում գազի պաշարների հայտնաբերման մասին Էրդողանի հայտարարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում։
-Միջերկրական ծովում Թուրքիայի էներգետիկ ակտիվությունը նկատում ենք 2018 թվականից ի վեր, որն իրականացվում է միջազգային մի շարք նորմերի, ծովային կոնվենցիաների ուղղակի խախտմամբ։ Ինչպես հայտնի է, Միջերկրական ծովի արևելյան հատվածում արդեն իսկ առկա հանքավայրերը գտնվում են հիմնականում Կիպրոսի, Հունաստանի, Իսրայելի ու Եգիպտոսի ջրային տարածքներում։ Թուրքիան այդ տարածաշրջանում բավականին լուրջ նկրտումներ ունի և միջազգային իրավունքի ուղղակի խախտմամբ՝ այնտեղ մտցնում է իր հետախուզական նավերը նավթի և գազի պաշարներ հայտնաբերելու նպատակով՝ դրանով իսկ ստեղծելով բավականին պայթյունավտանգ իրավիճակ։
2018 թվականից ի վեր՝ Թուրքիան Միջերկրական ծովի արևելյան հատվածում բավականին ագրեսիվ կերպով է հանդես գալիս։ Բավական է հիշել մի դեպք, երբ 2018 թվականի գարնանը իտալական հետախուզական նավը գտնվում էր Կիպրոսի ավազանի ջրերում, սակայն Թուրքիայի զինված ուժերի կողմից դուրս բերվեց Միջերկրականի ջրերից։ Սա մի կողմից խոսում է Թուրքիայի կոշտ էներգետիկ ռազմավարության մասին, որն իրականում ուղղված է բնական գազի ու նավթի ներկրումից Թուրքիայի կախվածությունը նվազեցնելուն, մյուս կողմից տեղավորվում է շատ ավելի լայն թուրքական գեոռազմավարության մեջ։ Գիտեք, որ Էրդողանը փորձում է վերակենդանացնել 1920-ական թվականների սկզբին Թուրքիայում հաստատված ազգային ուխտը՝ համաձայն որի Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող որոշ տարածքները, Էգեյան ծովի մի շարք կղզիները, Հյուսիսային Սիրիան, Իրաքի որոշ հատվածները, ինչպես նաև Բաթումն ու Նախիջևանն անբաժան մաս են կազմում Թուրքիայի Հանրապետության։ Էրդողանը փորձում է քայլեր իրականացնել ոչ միայն էներգետիկ, այլև՝ վերոնշյալ ուղղություններով։
Ինչ վերաբերում է Սև ծովի շելֆում բնական գազի հանքավայրի հայտնաբերմանը, ապա կարող եմ ասել, որ այս հարցում ինչ-որ տեղ գործ ունենք տեղեկատվական փուչիկի հետ։ Պետք է փաստենք, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ այս կամ այն հատվածում բացել են ածխաջրածնային հանքավայրեր, սակայն առ այսօր Թուրքիան շարունակում է մնալ բնական գազ և նավթ ներկրող տնտեսություն։ Թուրքիայի էներգետիկ անվտանգության դոկտրինն առավելապես խարսխված է տարանցման սկզբունքի վրա, այսինքն Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունը դեռ փոփոխությունների չի ենթարկվել։
Մյուս կողմից պետք է հաշվի առնենք, որ սևծովյան շելֆում բնական գազի ու նավթի արդյունահանումը տեխնիկապես բավական բարդ է, իսկ կոմերցիոն առումով՝ ոչ նպատակահարմար։ Այստեղ տեղին է նշել, որ սևծովյան շելֆում էներգետիկ պաշարների արդյունահանման Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ուկրաինայի փորձերը ձախողվել են։
Եթե անգամ այդ 320 մլրդ խորանարդ մետր գազի պաշարներն առկա են, ապա որքանով են ընդհանրապես օրինաչափ ու տրամաբանական խոսակցությունները Թուրքիայի էներգետիկ անկախության հաստատման մասին։ Կարծում եմ՝ դրա համար հիմքեր չկան, քանի որ Թուրքիան տարեկան սպառում է մոտ 50 մլրդ խորանարդ մետր գազ, ըստ այդմ, եթե այս հանքավայրն օգտագործվի մաքսիմալ ծավալներով, ապա այն կհերիքի մի քանի տարի, իսկ եթե այս հանքավայրում հայտնաբերված ծավալներն օգտագործվելու են որպես օժանդակ ռեսուրս, ապա պետք չէ խոսել էներգետիկ անկախության մասին։
Ի վերջո, կա նաև տեխնոլոգիական ցիկլ, որը մեզ հուշում է, որ եթե թուրքական իշխանությունների հայտարարած տվյալները օբյեկտիվ են ու համապատասխանում են իրականությանը, ապա այդ գազը շուկայում կարող է հայտնվել լավագույն դեպքում 6-7 տարվա ընթացքում, և այս առումով ասել, որ այս նոր հանքավայրը կարող է շատ մոտ ժամանակահատվածում շահագործվել, դրա համար ևս հիմքեր չկան։
-Համավարակով պայմանավորված՝ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում առաջացել են տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներ։ Այս ամենի ֆոնին նման հանքավայրի հայտնաբերման մասին հայտարարության տարածումը ներքին ու արտաքին ի՞նչ խնդրների քողարկմանն է միտված։
– Վերջին տարիների ընթացքում՝ մասնավորապես 2017 թվականից ի վեր, Թուրքիայում նկատելի է տնտեսական անկում։ Այնպես չէ, որ պանդեմիան ի հայտ բերեց տնտեսական խնդիրները, այդ խնդիրների հիմքները գալիս են դեռ 2017 թվականից։ Եթե նայենք թվերը, ապա կտեսնենք՝ Թուրքիայի տարեկան ՀՆԱ-ն կրճատվում է 3 տոկոսով, որը բավականին ոչ բարենպաստ թիվ է թուրքական տնտեսական կայունության համար։ Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, ևս գտնվում է բավականին ծանր վիճակում և պարբերաբար արժեզրկվում է՝ 2018 թվականին կազմել է 30 %, 2019 թվականին՝ մոտ 20 %, այսօր ևս լրիայի արժեզրկումը շարունակվում է և կարծում եմ՝ նույն պատկերը կունենանք նաև 2020 թվականին։
Սրան եթե գումարենք մի շարք քաղաքական հանգամանքները, մասնավորապես՝ Էրդողանի կուսակցության քաղաքական դիրքերի թուլացումը, վերջինիս վարած տնտեսական քաղաքականության նկատմամբ դժգոհության ավելացումը, ապա կնկատենք, որ պատահական չէ՝ Էրդողանը փորձում է երկու ուղղությամբ զսպել այդ դժգոհությունները՝ զարգացնելով ծայրահեղական իսլամիստական հռետորաբանությունն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի գնալով՝ վառ օրինակ՝ Այա Սոֆիայի մզկիթի վերածումը, և նմանատիպ տնտեսական սենսացիաների տարածումը՝ օրինակ Սև ծովում 320 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի պաշարների հայտնաբերումը։ Այս ամենը համադրելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ այն ամենն ինչի մասին վերջին շրջանում հայտարարում է Էրդողանը՝ կապված տնտեսական առաջխաղացման, էներգետիկ ոլորտում անկախության հաստատման հետ, առավելապես տեղավորվում է քաղաքական հռետորաբանության, իսկ առավել կոնկրետ՝ տեղեկատվական մանիպուլյատիվ հայտարարությունների շրջանակում։
Չմոռանանք նաև, որ 2023 թվականին Թուրքիայում նշվելու է հանրապետության 100 ամյակը, որը Էրդողանի գեոռազմավարության տեսանկյունից Թուրքիայի էներգետիկ անկախության հաստատման մասին է, որի ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, այդուհանդերձ, էներգետիկ բացարձակ անկախության մասին խոսելը դեռ վաղ է, և առհասարակ դժվար է գտնել մի պետություն, որն էներգետիկ առումով բացարձակապես անկախ է։
-Այդ ծավալի պաշարների հայտնաբերումը տարածաշրջանի էներգետիկ քարտեզի վրա ի՞նչ փոփոփությունների կարող է հանգեցնել։ Համագործակցության ի՞նչ հնարավորություններ է ստեղծվում։
-Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունը ինչպես 10 կամ 20 տարի առաջ, այնպես էլ այսօր շարունակում է մնալ նույնը՝ այն շարունակում է խարսխված մնալ տարանցման սկզբունքի վրա։ Առանց տարանացման, առանց այդ լոգիստիկ հնարավորության՝ անհնարին է պատկերացնել Թուրքիայի էներգետիկ ապագան ու անկախությունը։
Այն, որ Թուրքիան փորձում է սեփական արդյունահանումն ապահովել ու զարգացնել, ամենևին չի վկայում այն մասին, որ տարանցման սկզբունքը հօդս է ցնդելու կամ ինչ-որ կերպով պետք է զիջի մեկ այլ ռազմավարության։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք հետևյալ մոդելի հետ, որին ձգտում են Թուրքիայի իշխանությունները՝ պահպանել տարանցման կարևոր, լոգիստիկ դերակատարությունը, մյուս կողմից ապահովել արդյունահանումը զուտ ներքին շուկայում դիվերսիֆիկացում ապահովելու համար։
Վերջին շրջանում Էրդողանը հայտարարում է, որ միլիոնավոր դոլարներ են ներդնում բնական գազի ու նավթի ներկրման համար, իսկ արդյունահանման զարգացումը թույլ կտա նվազեցնել այդ ծախսերը։
Այս խնդիրը ես կդիտեի ավելի շատ ռուս-թուրքական հարաբերությունների տիրությում, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են Ռուսաստանից ներկրվող բնական գազի ծավալները։ Այսօր Ռուսաստանից ներկրված բնական գազի տեսակարար կշիռը էներգետիկ համակարգում կազմում է 12 %, մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ այն կազմում էր 32-33 %։ Հատականշական է, որ այս նվազեցման հետ մեկտեղ Թուրքիայի էներգետիկ համակարգում ավելանում է Ադրբեջանից ներմուծվող բնական գազի տեսակարար կշիռը։
Տեսնում ենք նաև, թե ինչպես է ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը ներդրումներ իրականացնում Թուրքիայի մի շարք ենթակառուցվածքային նախագծերի իրականացման՝ մասնավորապես նավթի վերամշական գործարանի կառուցման նախագծում և այլն։ Այսօր արդեն Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվում են դեպի Նախիջևան գազամուղի կառուցման վերաբերյալ, որի միջոցով Ադրբեջանից ներմուծված գազը ռեվերսային սկզբունքով կարտահանվի Նախիջևան։ Սա իրականում նպատակ է հետապնդում ամրապնդելու թուրք-ադրբեջանական էներգետիկ կապերը՝ «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը բերելով նաև տնտեսական և էներգետիկ նախագծերի շրջանակ։
Այս ամենի արդյունքում ես առավելապես տեսնում են ռուս-թուրքական հարաբերությունների մեջ նկատվող որոշակի խնդիրների արտացոլում։
Ամփոփելով՝ կարող եմ ասել՝
1․ Թուրքիան փորձելու է պահպանել իր տարանցիկ նշանակությունը,
2․ Ձգտելու է ապահովել ներքին արդյունահանումը՝ ներքին շուկայում դիվերսիֆիկացիա ապահովելու համար, այլ ոչ թե այս գազն արտահանել։ Այստեղ պետք է նկատենք, որ Թուրքիան այս պահին ինքնուրույն ի վիճակի չի լինելու այդ արդյունահանումն իրականացել, քանի որ չունի համապատասխան տեխնոլոգիական հնարավորություններ. դրանք պետք է իրականացվեն արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցությամբ,
3․ Թուրքիան գնալով նվազեցնելու է կախվածությունը Ռուսաստանից ներկրվող բնական գազից, ինչի նախադրյալները տեսնում ենք 2019 թվականից, և այսօր սա շարունակական քաղաքականություն է լինելու։
Վարդուհի Մկրտչյան