Եթե մեր խնդիրն այն է, որ զինծառայողները պետք է միայն քնելու և սնվելու տեղ ունենան, դա դեռ չի նշանակում, որ մենք սահմանային անվտանգության խնդիրները լուծում ենք։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով Արցախի առաջնագծում իրականացրած դիտարկումները։
Նրա խոսքով՝ այսօր ավելի շատ կենտրոնացել ենք մարտական դիրքերի կահավորման և կենցաղային հարցերի վրա, իսկ գլխավոր հարցերը մնում են խնդրահարույց։
«Հենց այնպես հայտարարել, որ մենք պետք է ունենանք դիրքեր, դա սահմանային անվտանգության հարց չի լուծում։ Սահմանային անվտանգություն հասկացողությունը շատ ավելի խորքային միջոցառումներ է ենթադրում, որը պետք է դառնա Զինված ուժերի անելիքը»,- նշեց պատգամավորը։
Ըստ նրա՝ անկախ նրանից, թե ինչ սցենարով կզարգանան Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործընթացները, անվտանգության համակարգի արմատական փոփոխություններն անհրաժեշտություն են։
«Մեզ ապահովագրելու անհրաժեշտություն կա։ Թուրքիան և Ադրբեջանն իրենց ավելի վաղ հնչեցրած հավակնությունները չեն փոխել, և որևէ երաշխիք չկա, որ 5 կամ 10 տարի հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա տեղի չի ունենա»,- մտահոգվեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ չպետք է միայն օդում հնչեցնել, որ պետք է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, իսկ այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարելը հակառակի մասին է խոսում։
Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի թողած բանակին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ հիմա ունենք նոր իրավիճակ և խնդիրներ։
«Ամենավատն այն է, որ պայմանական ասած՝ Վազգեն Սարգսյանի գաղափարական, արժեհամակարգային բանակ ստեղծելու հնարավորություն այս իշխանության պարագայում չկա»,- եզրափակեց պատգամավորը։