Հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման։
Դատարանը միաձայն հայտնել է հետևյալ կարծիքը։
Նշվում է, որ Դատարանը չի կարող պատասխանել Հայաստանի ՍԴ–ի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին։
ՄԻԵԴ-ը նաև որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։
ՍԴ երրորդ հարցը՝ արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։
Դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելու համար, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։ Ի թիվս այլ գործոնների, հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ ձևակերպված, իսկ վկայակոչվող դրույթում հստակ ձևակերպված լինեն արարքի բաղադրիչները։
ՍԴ–ի չորրորդ հարցը վերաբերում էր իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7–րդ հոդվածով (ոչ մի պատիժ առանց օրենքի) սահմանվող չափորոշիչին։ Դատարանը կարծիք է հայտնել, որ նման գնահատականները ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։
Նշենք, որ գործը ՄԻԵԴ է ներկայացվել 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, այն վարույթ է ընդունվել Մեծ պալատի կողմից հոկտեմբերի 2-ին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր, որ Սահմանադրական դատարանը կասեցնում է Քոչարյանի գործի վարույթները և դիմում է ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։