ՀՀ ոստիկանությունը հայտնել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում չարաշահումների հայտնաբերման մասին:
Ըստ հաղորդագրության՝ տվյալներ են ստացվել, որ հանձնաժողովի աշխատակից պաշտոնատար անձինք մի շարք ընկերությունների օգտին կատարել են գործողություններ` ելնելով անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես, հաղորդվում է, որ 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ստանդարտ դիալոգ» ընկերության տրամադրած` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փորձարկման արձանագրությունների համապատասխան սյունակներում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցները կեղծել են արտադրանքը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու վերաբերյալ տվյալները։
Նշվում է, որ կեղծիքի հետևանքով կաթնամթերք արտադրող 12 ընկերություն չի ենթարկվել օրենքով նախատեսված` տարեկան շրջանառության մեկ տոկոսի չափով վարչական պատասխանատվության, ինչը կազմել է ընդհանուր մոտ 155 միլիոն դրամ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովի պաշտոնատար անձինք 2015-2017 թվականներին երկու անձի հրամանագրել են փորձագետի և մասնագետի հաստիքներում` նրանցից մեկին ապօրինի հատկացնելով հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա» մակնիշի մեքենա: Նշված անձինք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և պարգևավճար: Մեքենան էլ չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց այդ ընթացքում դուրս է գրվել 9113 լիտր վառելիք: Այսպիսով, յուրացման և վատնելու միջոցով հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ:
Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ: