ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նոր արտահերթ
զեկույց է ներկայացրել, ըստ որի՝ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում:
Ըստ ՄԻՊ-ի՝ զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների` թե´ զինծառայողների, թե´ քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։ «Զեկույցում հատուկ շեշտադրում է արվում Ադրբեջանում նրանց հարցաքննությունների վրա՝ եզրահանգելով, որ հայկական կողմի գերիների հայտնած տեղեկությունները չեն կարող որևէ հիմք ծառայել նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար, ինչպես նաև չեն կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն միջազգային կառույցներում»,-
նշել է Թաթոյանը։
Մասնավորապես, ըստ նրա, արտահերթ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները, որոնք ուղեկցվել են հայկական կողմի գերիներին խոշտանգելով, գործողություններ անել հարկադրանքով, նվաստացնելով և այլն:
«Այս փաստերը հիմնված են զեկույցում բերված ապացույցների ու վերլուծությունների վրա, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ միջազգային բացարձակ պահանջներով արգելված մեթոդների կիրառման մասին»,-նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ զեկույցի գնահատականները հիմնված են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի սեփական փաստահավաք աշխատանքների վրա:
«Բացի այդ, ուսումնասիրվել են ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերմունքի և նրանց հարցաքննության հետ կապված միջազգային պահանջները և իրավական չափանիշները, օբյեկտիվ բնույթի ապացույցներ ու այլ նյութեր»,-նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ րտահերթ զեկույցն իր ստորագրությամբ վաղը կուղարկվի միջազգային կառույցներին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայաստանն ու Ադրբեջանը նախորդ տարվա դեկտեմբերից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը: Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։