Կառավարությունը ԱԺ է ուղարկել ««Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը», որի մասին «Հանրային ալիքի» ուղիղ եթերում հինգշաբթի կայացած հարցազրույցի ժամանակ խոսել է ՀՀ արդարարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա ասել է, որ օրինագծով քրեական գործեր քննող դատավորների համար երկու նոր մասնագիտացում է կիրառվելու՝ միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող դատավորներ։
Դատավորներն ընտրվելու են նոր մեխանիզմներով, որոնք դատական օրենսգրքում արդեն ուժի մեջ են մտել, այսինքն՝ անցնելու են բարեվարքության ստուգում, տրվելու է խորհրդատվական եզրակացություն, ԲԴԽ-ի կողմից ընտրվելու և ուսուցանվելու են, ապա համալրելու են գործող դատավորների շարքերը։ Ի դեպ՝ դրանք կարող են նաև գործող դատավորներից լինել, որոնք կանցնեն մրցույթը։ Առհասարակ՝ դատական համակարգն ունի համալրման կարիք, ուստի նախընտրելի է նոր դատավորների ներգրավել տվյալ աշխատանքի մեջ։
Հարցազրույցավարի հարցին, թե արդյոք գործող դատավորներից գործառույթը պոկել ու նորերին տալը ընդգծված քաղաքական հարց չէ, Բադասյանն ասաց, որ կա կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողով, որն օժտված է անկախության բոլոր լիազորություններով, և իշխանությունը չունի այս պրոցեսի վրա ներազդելու որևէ գործառույթ։
«Քաղաքական մոտիվացիա կա, սակայն պետք է պարզել, թե որն է դա։ Դա հանրային վստահության բարձրացումն ու նման միջնորդությունների քննության օբյեկտիվությունն է։ Ինչպե՞ս է գործադիր իշխանությունը ազդելու այս ամբողջ պրոցեսի վրա, եթե որոշում կայացնողը ԲԴԽ-ն է։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շատ մարդկանց մասնակցել մրցույթին»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ դատավորների կարագապահական վարույթների մասին կարծիքները տարբեր են։ Կա կարծիք, որ վարույթները շատ են, կա հակառակ կարծիքը։ Իրականում վիճակագրությունն այսպիսին է․ 2019 թվականին ԲԴԽ է ուղարկվել 19 վարույթ, իսկ 2020 թվականին՝ 20։
Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրվելու մասին էլ Բադասյանն ասաց, որ իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակման խնդիր չի սահմանվում։
«ԲԴԽ-ում կա առաջնորդության խնդիր, այն է՝ պետք է առաջնորդվել կեղծ գերատեսչական շահերո՞վ, թե՞ դատական իշխանության անկախության հեղինակության սկզբունքներով։ Դատական համակարգը չփոխվելու շանս չունի։ Մեզ հասարակությունը կարող է մեղադրել այն բանի մեջ, որ փոփոխությունները դանդաղ են ընթանում, սակայն այդ փոփոխություններն այլևս անբեկանելի են,- ասաց Բադասյանը։