ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր Facebook-ի էջում գրել է․
«1923թ. [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհետականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին (այս հարցին այլ՝ առանձին անդրադարձ է պետք):
Այդ ժամանակ էին դեռ Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքներն ընթանում լուրջ բարդություններով:
Մասնավորապես, Քուրդիստանի տարածքից Սյունիքի սահմանային հայկական գյուղերի վրա կատարվում էին տարբեր ավազակախմբերի հարձակումներ ու թալան, անընդհատ տեղի էին ունենում ընդհարումներ, հայ գյուղացիների խոշոր եղջերավոր կենդանիների գողություններ, հրահրվող ձերբակալություններ և այլն:
ՀՍԽՀ կենտրոնական գործկոմի 1924 թվականի մարտ ամսվա արխիվային նյութերը հենց այս սահմանախախտումների մասին են վկայում, որոնք կազմվել էին Զանգեզուրի գավառի գործկոմի դիմումների հիման վրա:
Այդ ժամանակ էլ լուրջ վեճեր էին առկա՝ կապված վարելահողերի, արոտավայրերի, անտառների ու անգամ լեռնագագաթների սահմանագծման հետ: 1926 թվականին ձևավորվել էր տեղական հանձնաժողով, որի կազմի մեջ էր նաև Ակսել Բակունցը, որը մասնագիտությամբ հողաշինարար էր ու հատուկ ուշադրության կենտրոնում էր պահում այս հարցերը: Հենց նրա զեկուցումներից է նաև պարզ դառնում, որ հայ գյուղացիներն են հիմնականում տուժող կողմը եղել, նրանց իրավունքները հաշվի չեն առնվել:
Օրինակ՝ Մեղրու և Զանգելանի միջև սահմանների հարցով ՀՍԽՀ ԿԳԿ-ն 1925թ. հոկտեմբերի 9-ին հատուկ է արձանագրել դեպի արևմուտք ընկնող ձմեռային արոտատեղերի կարևորությունը հայ գյուղացիների համար, որոնք այդ ժամանակ փաստացի օգտագործում էին Մեղրու և Կապանի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Ընդ որում, հատուկ էր նշում արվում, որ առանց այդ արոտատեղերի շրջակա գյուղերի անասնապահությունն ուղղակի կաթվածահար էր լինելու (այս վիճակը նույնությամբ առաջ է եկել նաև հիմա):
Այս պատմական փաստերը ցույց են տալիս, որ ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: Դրանք կարևոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական իրավունքների տեսանկյունից: