Քիչ առաջ ԱԱԾ շենքից դուրս եկավ իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ու լրագրողների հետ զրույցում հայտնեց այսօրվա խուզարկությունների, այնուհետև բերման ենթարկելու դեպքերի վերաբերյալ վերջին տեղեկությունները:
Նա հայտնեց, որ նոր է խոսել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանի հետ:
«Փաստաբանը հայտնեց, որ այս պահին կատարվում են քննչական գործողություններ, և հենց այդ պատճառով էլ անձամբ չկարողացավ իջնել և ներկայացնել իրավիճակը: Այս պահին Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը ձերբակալված են երեք հոդվածներով»,-հայտնեց Ռ. Մելիքյանը՝ նշելով, որ հոդվածները թշնամանք տարածելու հրապարակային կոչերի, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման մասին են:
Նա հայտնեց, որ Մհեր Ավագյանը ևս ձերբակալվել է: Նշենք, որ Մհեր Ավագյանի փաստաբանն ահազանգել էր, որ իր վստահորդին ԱԱԾ շենքում տապալել են գետնին:
Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ քննաչական գործողություններից հետո ձերբակալման որոշումներն անպայման բողոքարկելու են:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակը հարակից երկու այլ աշխատասենյակներ, որից հետո նրան բերման են ենթարկել ԱԱԾ: Բնակարանի խուզարկությունից հետո բերման է ենթարկվել նաև «Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը: Բերման էին ենթարկվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, սահմանադրագետ Գոհար Մելոյանը: