Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում արձանագրված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է 1683 քրեական գործ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2020թ․ գործունեության տարեկան հաղորդումը։
«Զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում 2020թ․-ին արձանագրվել է հանցագործության 3016 դեպք, ինչը եռակի ավելի է 2019թ-ի համեմատ։ Այդ դեպքերի 50 տոկոսն արձանագրվել է պատերազմական գործողությունների հետևանքով։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-երի կողմից կատարված հանցագործությունների 100 քրեական գործերի ներկայիս փուլում ձեռքբերված ապացույցներով հնարավոր է հանգել հետևյալ հիմնավոր հետևություններին․ Ադրբեջանը, սկսած 2020թ օգոստոսի առաջին օրերից, իր ԶՈւ-երում, Թուրքիայի ԶՈւ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների մեծաքանակ ներգրավմամբ, իրականացրել է Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի սանձազերծման մասշտաբային նախապատրաստական աշխատանքներ»,-ասաց Արթուր Դավթյանը։
Նա շեշտեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-երի կողմից բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարվել։ Նա մանրամասն ներկայացրեց ադրբեջանական հանցագործությունները։ Նա նշեց, որ այս պահին 628 անձ ներգրավված է որպես մեղադրյալ։
Անդրադառնալով Ադրբեջանի դատախազի հետ ուղիղ կապ ունենալու մասին հարցին՝ Դավթյանը նշեց, որ ուղիղ կապ չի եղել նրա հետ, բայց ռուսական կողմից միջնորդությամբ որոշ տեղեկություններ են փոխանցվել։ Նա նշեց, որ Ադրբեջանում մեր զինծառայողների խոշտանգումների, սպանությունների փաստերը մշտական ռեժիմով ներկայացվում են։
Մանրամասները՝ տեսանյութում․